2010 թվականի բյուջեի նախագծում գումար է հատկացվել հետեւյալ տողի դիմաց. «ԼՂ խնդրի կարգավորում»: Այս համատեքստում այսօր ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված երկարաշունչ հարց ուղղեց. «Հաշվի առնելով, որ պաշտպանության բյուջեն կրճատվում է, ենթադրվում է, որ Ղարաբաղի հարցը խաղաղ կարգավորում է ունենալու: Միաժամանակ հասարակական կարգի պահպանության ծախսերը չեն կրճատվել, ինչը նշանակում է, որ սպասում ենք հասարակական զանգվածային անկարգապահության դրսեւորումների եւ ԼՂ հարցի հանգուցալուծման: Ես հասկանում եմ այսպես. եթե հանգուցալուծում է տեղի ունենում, դա երկու դեպքում կարող է զանգվածային անկարգությունների բերել. Առաջին. երբ հարցն այնքան դրական է լուծվում Հայաստանի համար, որ մարդիկ ուրախությունից կարող են անկարգություններ անել, մյուս դեպքը, երբ Հայաստանի շահերին հակառակ է լուծվում եւ մարդիկ բողոքի են դուրս գալիս: Պարզաբանեք, խնդրեմ, թե արդյոք հանգուցալուծում լինելո՞ւ է, իսկ ըստ բյուջեում գրվածի` լինելու է, եւ ինչպիսի՞ն է այն լինելու»:

Այս առնչությամբ Է. Նալբանդյանը նշեց. «Միամիտ կլիներ ասել, որ կապված նրանից, թե Ղարաբաղի կարգավորման համար ինչքան բյուջե կորոշեն, ըստ այդմ էլ կլուծվի ԼՂ հարցը: Այսինքն դուք էլ եք հասկանում, որ մի փոքր սխալ կլիներ ըմբռնել, որ կոնկրետ Ղարաբաղի հարցի հանգուցալուծման համար այսքան գումար է հատկացվում, ուրեմն այսպես կլուծվի: Այնպես չէ, որ եթե այս բյուջեի նախաբանում նշվում է, որ մեր գլխավոր խնդիրը Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումն է, նշանակում է այս տարի անպայման լուծվելու է հարցը եւ ինչպես է լուծվելու»:

Նա նկատեց, որ Հայաստանը շարունակում է կողմ լինել խնդրի խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը` միջազգային սկզբունքների ու նորմերի հիման վրա: Այս մեր մոտեցումներին համահունչ է միջազգային հանրության մոտեցումը: «Վաղը տարածաշրջան են գալու համանախագահները եւ գլխավոր հարցերը, որոնց շուրջ ընթանում են բանակցությունները, վերաբերում են ԼՂ կարգավիճակին: Մնացած հարցերի շուրջ քննարկումներ չկան»,- ասաց նա:

Այս համատեքստում հիշեցնենք, որ համանախագահները մշտապես խոսում են այն մասին, որ տարածքների վերադարձի դրույթը արդեն համաձայնեցված է եւ հիմա քննարկումները գնում են այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ համաձայնություն դեռ չկա: