Պաշտոնից հեռանալու զեկուցագրեր են ներկայացրել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ «Շերիֆ»  մականունով Կարեն Բաբայանը, նաեւ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության ծառայության պետ, «Գլեբ» մականունով Արմեն Հակոբյանը, ով հայտնի է ընդդիմության հանրահավաքներ ցրելու գործում մեծ դերակատարմամբ:

Այդ տեղեկատվությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նշենք, որ  այդ զեկուցագրերը ներկայացվել են Հայաստանի ոստիականապետի պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակումից հետո:

Հիշեցնենք, որ վերը նշված անձինք, կամ նրանց թիմը ոստիկանական համակարգից հեռացել է Վլադիմիր Գասպարյանի հետ նախկինում ունեցած անձնական տարաձայնությունների պատճռով:

«Շերիֆը» ժամանակին ռազմական ոստիկանության մեկ այլ հայտնի աշխատակցի՝ «Լիդերի» հետ, Վլադիմիր Գասպարյանին իրենց հավատարմությունն ապացուցելու համար կտրել էին իրենց ճկույթները, սակայն անգամ դա չէր երաշխավորել նրանց նորմալ հարաբերությունները:

Այդ պաշտոնյաները լավ իմանալով, որ իրենց համակարգում մնալն անհնար է Վլադիմիր Գասպարյանի օրոք, որոշել են ինքնակամ հեռանալ: