Հայաստանի նախագահի աշխատակազմի ծախսերը պետբյուջեից  2012թ. կկազմեն 3,268 մլրդ դրամ (այսօրվա փոխարժեքով` շուրջ 8,6 մլն դոլար), ինչը 311 միլիոնով ավելի քիչ է, քան 2011 թվականին: Կրճատումը ենթադրում է Հայաստանի 2012թ.  պետբյուջեի նախագիծը, որի լսումները տեղի են ունենում Ազգային ժողովում: Պետության ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի համար նախատեսվում է հատկացնել 510,3 մլն դրամ, գործուղումների եւ ուղեւորությունների համար` 479,1 մլն դրամ:

Ինչպես նշեց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ծախսերը կկրճատվեն ներքին գործուղումների, ավտոմեքենաների վարձույթի եւ այլ ծառայությունների հաշվին:  «Սակայն, հաշվի առնելով դիվանագիտական առումով հագեցած 2011 թվականը, արտաքին գործուղումների ծախսերը ավելացվել են 5 մլն դրամով », - ասել է Սարգսյանը: Նրա խոսքով, եթե 2010թ. նախագահի աշխատակազմը 22 գործուղում է կատարել, ապա 2011թ. դրանց թիվը կհասնի 26-ի:

Ավելացումներ են նախատեսվում նաեւ աշխատավարձային ֆոնդում` 5 անձից կազմված Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման հաշվին: Հանձնաժողովի պարտականությունների մեջ կմտնի պետական ծառայողների ծառայողական եւ անձնական շահերի հակասությունները վերահսկելը: 2012թ. հաստիքացուցակով նախագահի աշխատակազմում կհաստատվի 362 մարդ: