«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարությունը նոյեմբերի 5-ին կրկին հետաձգվել է:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը այսօր հասցրեց լսել միանգամից 4 ոստիկանների, որոնք հակասում էին միմյանց: Մասնավորապես ոստիկանության մայոր Վարդան Գրիգորյանն ու Անդրանիկ Առաքելյանը հայտարարեցին, թե 2007թ. հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում մեծ բազմություն է հավաքված եղել, որոնք չէին հնազանդվում ոստիկաններին: Իսկ «հնազանդվել» ասելով ոստիկանները նակտի ունեին Փաշինյանի հայտարարությունը, թե «չվախենաք ոստիկաններից»: Հավանաբար հայ ոստիկանին թվում է, թե քաղաքացին պարտավոր է վախենալ իրենից:
Առաքելյանը նաեւ նշեց, թե անձամբ է փորձել Փաշինյանի ձեռքից խլել բարձրախոսը, իսկ վերջինս դիմադրել է:
Ոստիկան Արմեն Հովակիմյանը, որը Նորք-Մարաշի բաժանմունքի պետի տեղակալն է, հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանն ու ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆյանը 15-20 րոպե զրուցել են իրար հետ: Աֆյանը հրահանգել է «Ազատեք ճանապարհը», իսկ Փաշինյանը պատասխանել է, թե իրենց գործողություններն օրինական են: Ոստիկանը, որն, իր պատմելով, կանգնած է եղել նրանց կողքին, որեւէ այլ բառ չի լսել: Ի դեպ, բոլոր ոստիկաններն էլ սխալ ցուցմունքներ են տալիս եւ հակասում իրար, երբպաշտպանների հարցերը վերաբերում էին Նիկոլ Փաշինյանի կանգնած տեղին, հագուստին կամ այլ մանրամասների:
Ինչեւէ, դատավոր Մնացական Մարտիրոսյանը, լսելով ներկայացած վկաներին, հետաձգեց դատական նիստը մինչեւ նոյեմբերի 10-ը, ժամը 12-ը:



























