Հայաստանի առեւտրային բանկերի շահութաբերությունը 10-11 տոկոս է, ի տարբերություն բիզնեսի որոշ ոլորտների, որտեղ շահութաբերությունը շատ ավելի բարձր է, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա տեղեկացմամբ` բանկերի ակտիվները հասել են այս պահին ՀՆԱ-ի 54 տոկոսին, այնինչ 2008 թ. եղել է 28 տոկոս: Վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը նույն ժամանակահատվածում 16 տոկոսից աճել է մինչեւ 28 տոկոսի:
Ընդ որում`2011 թ. կտրուկ աճել են արդյունաբերությանն ու բիզնեսին տրամադրված վարկերը, իսկ սպառողական վարկավորման աճի տեմպը ետ է մնում բիզնեսի վարկավորման աճի տեմպից:
«Եթե մեր քաղաքացիներն իրենց ավանդները բանկում պահեն հայկական արժույթով, ապա մեր բանկերի հնարավորությունները դրամով վարկ տալ` կմեծանա: Այս պահին 30 տոկոսն է ավանդների պահվում հայկական արժույթով, 70 տոկոսը արտարժույթով է»,-նշեց Ա. Ջավադյանը:



























