Այսօր ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, դիմելով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, առաջարկեց այլեւս չֆինանսավորել Վրաստանում լույս տեսնող հայալեզու «Վրաստան» թերթը, որի խմբագիրը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդն է: Նա իր տեսակետը հիմնավորելու համար հայտարարեց, որ «դա միակ հայատառ թերթն է աշխարհում, որն արդարացնում է Վրաստանի իշխանությունների հակահայկական քաղաքականությունն ու հալածանքները, որն արդարացնում է Վահագն Չախալյանի նկատմամբ դատավճիռը, միակ հայատառ թերթն է, որ չանդրադարձավ հայկական եկեղեցիների ուծացմանը Վրաստանում եւ վերջապես միակ հայատառ թերթն է աշխարհում, որ արդարացրեց իմ` ՀՀ ԱԺ պատգամավորիս, մուտքը Վրաստան արգելելը»:
Շ. Թորոսյանը առանց անուններ նշելու, ասաց, որ Վրաստանում կան կազմակերպություններ, որոնք հայատառ թերթեր են հրատարակում եւ անվճար տարածում են Ջավախքում ու կարելի է ֆինանսավորել այդ թերթերը:
Այս առնչությամբ, Է. Նալբանդյանը նշեց միայն, որ «Վրաստան» թերթը ֆինանսավորվում է ոչ թե ԱԳՆ-ի կողմից, այլ ԱԳՆ-ի միջոցով: «ԱԳՆ-ն չի ֆինանսավորում եւ ԱԳՆ-ն չի ծրագրում այդ գործընթացները: Այդ հարցով ճիշտ կլինի դիմել Սփյուռքի նախարարություն»,- հավելեց նա:



























