Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվել է, թե ինչ լուծում է ստացել իր՝ Վրաստան այցելելու հնարավորության հարցը: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ջավախահայ Շ. Թորոսյանին թույլ չեն տվել հատել հայ-վրացական սահմանը: «Դուք խոստացաք մինչեւ սեպտեմբեր լուծել իմ՝ հայրենիք գնալու խնդիրը, սակայն մինչ օրս այդ խնդիրը չի լուծվում, իսկ ես կցանկանայի ծնողներիս՝ հայրական տան մեջ տեսնել»,- դիմելով Է. Նալբանդյանին ասաց նա, ինչին ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Վազգեն Կարախանյանն արձագանքեց. «Այդ վերջին մասը շատ սրտաճմլիկ ստացվեց»:
Իսկ ԱԳ նախարարն այս առնչությամբ ասաց. «Ձեր հարցերը, հատկապես նուրբ հարցերը, կարծում եմ ճիշտ կլինի հրապարակայնորեն չքննարկենք: Բայց հրապարակայնորեն ես ասել եմ եւ նորից կասեմ, որ չի եղել ամենաբարձր հանդիպում, որպեսզի այսպիսի հարցեր, ինչպիսին Ձեր հարցն է, լուրջ քննարկման առարկա չլինեն: Անգամ վերջերս, Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ այս հարցը բարձրացվել է: Այսքանը կարող եմ ասել հրապարակայնորեն»: Նա սակայն չկոնկրետացրեց, թե Վրաստանի իր գործընկերը ինչ է պատասխանել, երբ ինքը բարձրացրել է ՀՀ ԱԺ պատգամավորին հարեւան երկիր մտնելու թույլտվության հարցը, հատկապես, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ վիզային ռեժիմ չի գործում:



























