ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այսօր՝ նոյեմբերի 5-ին գտնվում էին Բաքվում:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները հանդիպում են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովի խոսքերով, հանդիպմանը քննարկվել են հակամարտության կարգավորմանը նվիրված հարցեր:
Սպասվում է, որ ՄԽ համանախագահներին այսօր կընդունի նաեւ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի մայրաքաղաքում բանակցությունների ավարտից հետո միջնորդները կժամանեն Երեւան:
Միեւնույն ժամանակ «APA» գործակալությունն այսօր տեղեկություն է տարածել, թե ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն արդեն երեք օր է՝ գտնվում է Ադրբեջանում: Դժվար է ասել՝ արդյո՞ք դա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է, թե իսկապես ամերիկացի դիվանագետի այցն այդ երկիր ավելի վաղ է սկսվել: Սակայն այդ տեղեկատվության հավաստիության դեպքում ծագում է բավական օրինաչափ մի հարց՝ ինչ գործունեություն էր նա ծավալում այնտեղ եւ ինչու տեղական ԶԼՄ-ներից որեւէ մեկն առ այսօր չի անդրադարձել նրա այցին:
Հիշեցնենք, որ վերջին անգամ համանախագահները տարածաշրջան են այցելել հոկտեմբերի սկզբին, ինչից հետո կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Քիշնեւում: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները, որի նպատակով էլ միջնորդները կրկին ժամանում են Հարավային Կովկաս:




























