Ամերիկյան հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը 30-օրյա ազատազրկման է դատապարտվել պայմանական ժամկետի պայմանները խախտելու համար, որին նա դատապարտվել էր 2007թ. մեքենան ոչ սթափ վիճակում վարելու եւ այս տարվա սկզբին վզնոց գողանալու համար:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով CBS կայքին, ամենայն հավանականությամբ, 25-ամյա Լոհանը միայն 6 օր կմնա ճաղերի հետեւում, քանի որ բանտը գերծանրաբեռնված է: Դրանից հետո նա դիահերձարանում հասարակական աշխատանք կկատարի:Արդարադատության հետ Լոհանի ունեցած խնդիրները ծագել են 2007թ.: Նրան դատապարտել էին երեք տարվա պայմանական ազատազրկման մեքենան ոչ սթափ վիճակում վարելու երկու դեպքի համար, հետո ժամկետը երկարաձգվել էր եւս մեկ տարով:
2010թ. մայիսին Լոս Անջելեսի դատարանը պարտադրել էր դերասանուհուն պարբերաբար ալկոհոլի եւ թմրանյութի անալիզներ հանձնել: 2010թ. հուլիսին դատարանը մեղավոր ճանաչեց Լոհանին այն բանի համար, որ նա ալկոհոլի վնասակարության մասին 7 դասախոսություն է բաց թողելեւ նրան դատապարտեց 90-օրյա կալանքի: Սակայն 14 օրից դատարանը որոշեց ժամկետից շուտ ազատել նրան` պայմանով, որ բուժման կուրս կանցնի: Երկու շաբաթ առաջ դատարանը որոշեց Լոհանին բանտ նստեցնել պայմանական ժամկետի պայմանները խախտելու համար: Լոհանը ազատվել էր գրավի դիմաց եւ, դատարանի որոշմամբ, պարտավոր էր մինչեւ նոյեմբերի 2-ը 16 ժամ աշխատել դիահերձարանում:




























