Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 5-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն առաջին կանգառը կատարել է «Սեւան» ազգային պարկում, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել է պարկի գործունեությանը: Այնուհետեւ երկրի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել` Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել են «Սեւան» ազգային պարկում կատարված աշխատանքները եւ փորձաքննության արդյունքները: Քննարկվել են լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց կատարվելիք աշխատանքները, ափամերձ շինություններին եւ կենսագործունեության ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր:

Կարեւորելով Սեւանա լճի մակարդակի բարձրացման հարցը` հանրապետության նախագահը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել ջրի մաքրությանը, որպեսզի տեղանքային ողողումներ չլինեն եւ ճահճացում չառաջանա, ինչը կհարուցի նոր խնդիրներ: Խորհրդակցության ընթացքում խոսվել է նաեւ «Սեւան» ազգային պարկի սահմանների, տարածքա-գործառնական գոտիավորման եւ ներդրումային ծրագրերի մասին:

Այնուհետ Սերժ Սարգսյանը եղել է Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածում, ծանոթացել ընթացող աշխատանքներին: Ճանապարհահատվածի վերանորոգման անհրաժեշտությունն առաջացել էր Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2009թ. մայիսին եւ կավարտվեն 2010թ.:

Լիճք գյուղում նախագահն այցելել է տեղի «Բի-Բի-Ջի» նորակառույց մասնավոր բժշկական կենտրոն: Կենտրոնն իր մեջ ներառում է արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային ծառայություններ: Կենտրոնում բժշկական օգնությունը կազմակերպվում է ինչպես տեղի մասնագետների, այնպես էլ մայրաքաղաքից հրավիրված բժիշկների միջոցով:

Ծովասար գյուղում հանրապետության ղեկավարն եղել է նորակառույց ամբուլատորիայում, որը կառուցվել եւ սարքավորվել է ՀՀ առողջապահության նախարարության պատվերով:

Ծովասարում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մուրադյան ընտանիքի միջոցներով կառուցված եւ կահավորված «Բախտիբեկ Մուրադյանի» անվան միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Սերժ Սարգսյանը նաեւ եղել է Ծովասարի մշակույթի տանը: