«Հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում տեղի ունեցած „Հեռուստառադիո-հեռարձակման թվայնացման գործընթացը եւ դրա ներդրման հետեւանքները Հայաստանում“ թեմայով լսումները կրկին ապացուցեցին, որ Հայաստանում պետական մակարդակով ջանքեր են գործադրվում ոտնահարելու ազատ խոսքը»,- ասված է երեկ ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ: Նաեւ նշվում է, որ 2008 թ. սեպտեմբերի 10-ին Հայաստանում արգելվեցին հեռարձակման արտոնագրման մրցույթները մինչեւ 2010թ. հուլիսի 20-ը, որը Կառավարությունը հիմնավորել էր հեռարձակման թվայնացման գործընթացի ներդրումով:

Ի հեճուկս հասարակության եւ միջազգային կազմակերպությունների քննադատությանը, նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008 թվականի վճռի, որով հաստատվեց, որ խախտվել է «Ա1+» տեղեկատվություն տարածելու իրավունքը, ինչպես նաեւ այն, որ յոթ կապուղիներով մրցույթների արդյունքները ապօրինի էին՝ կառավարությունը չձեռնարկեց միջոցներ վերացնելու իրավունքի այս հաստատված խախտման հետեւանքները՝ տրամադրելու «Ա1+-ին» կապուղի, ապահովելու ազատ կապուղիներում մրցույթի անցկացումը, կամ առնվազն չնախաձեռնեց հաճախականությունների տիրույթի աուդիտ միջազգային մասնագետների կողմից: Խորհրդարանական լսումները բացահայտեցին, որ Երեւանում կան չօգտագործված, չհատկացված կապուղիներ, ինչը տարիներ շարունակ թաքցվում էր ՀՀ կառավարության կողմից: Կառավարության ներկայացուցչներն էլ, փաստորեն, չհերքեցին ՀՀ ԱԺ լրումներին ԵԽ փորձագետի կողմից հայտնած այդ տեղեկությունը",- նշում են հայտարարության հեղինակներն ու հավելում. «Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է իշխանությունների շարունակական գործունեությունը' ազատ խոսքի, ազատ մամուլի ճնշման ուղղությամբ: Այն պայմաններում, երբ ՀՀ կառավարության որոշմամբ 5 հեռուստակապուղի առանց մրցույթի, եւ ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված փոխադարձության սկզբունքը, տրվել է օտարերկրյա հեռուստաընկերություններին՝ տեղական ընկերությունները տարիներ շարունակ զրկված են մրցույթի մասնակցելու, հեռուստա եւ ռադիոեթերով տեղեկություն տարածելու հնարավորությունից: ՀԱԿ-ը պահանջում է, որ վերականգնվի հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում մրցակցությունն ու մամուլի ազատությունը' շուկայական հարաբերությունների եւ խոսքի ազատության սկզբունքների համաձայն, ինչպես երաշխավորվում է Հայաստանի միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով: Որպես առաջին քայլ անհրաժեշտ է շտապ անցկացնել հեռուստա եւ ռադիո հաճախականությունների տիրույթի միջազգային աուդիտ, որի արդյունքներով ազատ կամ արտոնագրի ժամկետը լրացած հաճախականություններում անցկացնել մրցույթներ»: