Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում կայցելեն Երևան: Նրանք Երեւան են ժամանում Թբիլիսիից, իսկ մինչ այդ եղել են Բաքվում, որտեղ մի շարք պաշտոնական հանդիպումներ են ունեցել: Համանախագահները, մասնավորապես, հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, համանախագահները Բաքվում քննարկել են ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր, սակայն չի հաղորդվում, թե արդյո՞ք նրանք ներկայացրել են Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ներկա փուլում բանակցություններում քննարկվում է միայն ԼՂ կարգավիճակի թեման: Սպասվում է, որ այսօր Երեւանում միջնորդները հանդիպումներ կունենան ՀՀ նախագահի ու ԱԳ նախարարի հետ: