ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգումներ է կատարել Ուդմուրտիայում, «Կալաշնիկով» կոնցեռնի հարվածային եւ հետախուզական անօդաչուներ արտադրող ձեռնարկություններում, նրան տեղեկացրել են թողարկման զգալի ավելացման մասին, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Նախարարին զեկուցել են այն մասին, որ 2022-ից բացվել են նոր արտադրամասեր, որոնց թողունակությունն անօդաչուների արտադրության ծավալն ավելացրել է 60 տոկոսով, ակնկալվում է էլ ավելի մեծ աճ։
Շոյգուին նաեւ ցուցադրել են նոր կոմպոզիտային նյութեր, որոնք կիրառվում են անօդաչուների արտադրությունում։
««ЗАЛА АЭРО» ընկերությունների խմբի առաջատար ձեռնարկությունում, որտեղ արտադրվում են «Լանցետ» զինամթերքները եւ հետախույզ անօդաչուները, ՌԴ պաշտպանության նախարարին ներկայացրել են հետախուզական եւ հարվածող անօդաչուների նոր նմուշները, որոնք լրամշակվել են հատուկ գործողության փորձի հաշվառմամբ»,- ասված է հաղորդագրությունում։
ՌԴ պաշտպանության նախարարին տեղեկացրել են նոր մշակումների մասին, որոնք հիմնված են իրական ժամանակում տվյալների ուսումնասիրման եւ մշակման ալգորիթմերի, առաջավոր հետազոտությունների վրա, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«Այս մշակումները թույլ կտան ընկերության ամբողջ արտադրանքը միավորել մեկ համակարգում, որը կարող է արդյունավետորեն նույնականացնել եւ խոցել հակառակորդի օբյեկտներն ավտոմատացված ռեժիմով»,- նշվել է հաղորդագրությունում։
«Անօդաչու համակարգեր» ձեռնարկությունում ՌԴ պաշտպանության նախարարին զեկուցել են ընկերության մասնագետների ստեղծած ինքնաթիռատիպ եւ ուղղաթիռատիպ անօդաչուների լայն շարքի մասին։ Մշակվել է անօդաչուների հաշվարկների ուսուցման եւ որակավորան բարձրացման սեփական ծրագիր, որը թույլ է տալիս կարճ ժամկետում յուրացնել եւ արդյունավետ կիրառել անօդաչու թռչող սարքերը մարտական գործողություններում»,- տեղեկացրել են ՌԴ ՊՆ-ում։
Նախարարության տվյալներով՝ Շոյգուն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանական արդյունաբերության համալիրի ղեկավարների եւ ռազմական վարչության մարմինների ներկայացուցիչների հետ, նա հանձնարարել է ավելացնել ավտոմատացման տեմպերը։





























