ԱՄՆ բանակի մայոր Մալիք Նադալ Հասանը, որ հրաձգություն էր սկսել ամերիկյան Տեխաս նահանգի Ֆորտ-Հուդ ռազմաբազայում, եւ որի արդյունքում 12 մարդ զոհվել էր, եղել է մահմեդական եւ Իրաքում պատերազմի մոլի հակառակորդ: Այդ մասին, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները, հայտարարել է հանցագործի զարմիկը: Նրա խոսքով, Իրաքում ծառայություն ուղարկվելու հեռանկարը նրա համար «ամենավատ գիշերային սարսափն էր»:
Հայտնի է դարձել նաեւ, որ մինչեւ Ֆորտ-Հուդ ռազմաբազա տեղափոխվելը, որտեղ նա հրաման էր ստացել մեկնել Իրաք, Հասանն աշխատել է Ուոլթեր-Հիլ հոսպիտալում որպես հոգեբան, որտեղ օգնություն է ցուցաբերել Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողությունների՝ հոգեբանական վնասներ ստացած մասնակիցներին:
Հասանի ծառայակիցների խոսքերով, իրենց հետ խոսակցություններում նա բազմիցս հանդես է եկել Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմի դեմ եւ հույս հայտնել, թե նախագահ Օբաման կհանի զորքերը: Ըստ պահեստազորի գնդապետ Թերրի Լիի, մայորը պնդել է, թե մահմեդականներն իրավունք ունեն պայքարել ամերիկյան ագրեսորների դեմ, եւ ուրախացել է, երբ հունիսին փոխհրաձգության ժամանակ Լիթլ-Ռոքում զինվորական է զոհվել, հայտնում է Associated Press-ը:




























