«Կան 3 հիմնարար սկզբունքներ և երեքն էլ քաջ հայտնի են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք։ Այս երեք սկզբունքների մեջ պետք է հավասարակշռված տարբերակը գտնել։ Գործի ամբողջ դժվարությունն էլ հենց սա է»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂ խնդրի կարգավորման մասին խոսելով, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, հավելելով, որ ինքը Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը չէ և արտահայտում է իր անձնական կարծիքը: Այնուհետեւ անդրադառնալով «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների` Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի կողմից ԼՂ խնդրին նվիրված հայտարարությանը, Սմեսովը կարծիք է հայտնել, որ այդ հայտարարությամբ նախագահները կոչ են արել ու խրախուսել են շարունակել բանակցային գործընթացը, որը հենված կլինի փոխզիջումային տարբերակների վրա և ուղղված կլինի ԼՂ խնդրի ողջախոհ լուծում գտնելուն։

Այնուհետեւ անդրադառնալով տարածաշրջանում Ֆրանսիայի դերակատարությանը, Սմեսովը նշել է, որ Ֆրանսիան տարածաշրջանի նկատմամբ խաղաղության և կայունության շահագրգռություն ունի, մասնակցում է ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի եռանախագահությանը, իսկ անցած տարվա ռուս–վրացական լարվածության հանգուցալուծմանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անձնական ներդրում է ունեցել:

Հիշեցնենք, որ լրագրողների հետ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հանդիպման առիթը Ֆրանսիայի Ազգային տոնն է` Բաստիլի գրավման օրը: Բաստիլի գրավման տոնը նշվում է հուլիսի 14-ին: