Նյու Յորքում, նոյեմբերի 3-ին, քննարկվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի զեկույցը, որի ընթացքում ելույթէ ունեցել նաեւ Հայաստանի պատվիրակը, նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը հետաքրքրված չէ փախստականների խնդրին լուծում տալով եւ փորձում է ԼՂ բանակցային գործընթացում այդ թեման օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում Ադրբեջանի դիվանագետի կրկնվող քարոզչությունից հետո, Հայաստանի պատվիրակն իր խոսքում հարցադրում է արել, թե այդ ինչպե՞ս է հնարավոր, որ նավթի պաշարներով հարուստ եւ օտարերկրյա ներդրումներով առատ մի երկիր այսքան ժամանակ չի կարողանում լուծում տալ փախստականների եւ ներքին տեղահանվածների խնդիրներին, կամ, առնվազն բարելավել նրանց կեցության պայմանները:
Երկար տարիների ընթացքում Բարդայի եւ Իմիշլիի շրջաններում փախստականների ճամբարների գոյությունն ասվածի վառ օրինակներն են:
Այնուհետեւ, հայկական կողմը ներկաների ուշադրությանն է ներկայացրել այն փաստը, որ Արեւելյան Եվրոպայում, Հայաստանն առաջինն էր որ բախվեց փախստականների հիմնախնդրների հետ` երբ 80 ականների վերջին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի արդյունքում հարյուր հազարավոր հայ փախստականներ ու ներքին տեղահանվածներ թողնելով իրենց ողջ կարողությունն ու սեփականությունը ստիպված էին փախչել Ադրբեջանից:
Ուշագրավ է որ վերջին երկու շաբաթների ընթացքում, բավականին կոշտ քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ:
Այսպես օրինակ, անցած շաբաթ «Տարածաշրջանային զինաթափումն ու անվտանգությունը» խորագրով քննարկումներին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն կարեւորելով Եվրոպայում սովորական սպարազինությունների պայմանագրի լիակատար կատարումը, ընդգծելով, որ Ադրբեջանը հանդիսանում է պայմանագրի կողմ միակ պետությունը, որը միտումնավոր կերպով շարունակում է խախտել այդ միջագային փաստաթղթի սկզբունքները: Կ.Նազարյանը նշել է նաեւ, որ այս տարի Ադրբեջանի կողմից կատարվել են պայմանագրով սահմանափակած լրացուցիչ սպառազինությունների նշանակալի գնումներ ու հավելել է, որ Ադրբեջանի քաղաքական հիվանդագին նկրտումները, դժբախտաբար, թույլ չեն տալիս պրակտիկ քայլեր անել տարածաշրջանային անվտանգության եւ զինաթափման բնագավառներում: Հակառակը. ադրբեջանական կողմը նախաձեռնել է սպառազինությունների խիստ վտանգավոր մրցավազքը, բացահայտ ցուցադրելով ուժ գործածելու իր պատրաստակամությունը:
Հայաստանի դեսպանը նշել է նաեւ, որ եթե նախորդ տարիների ելույթներում հայկական կողմը զգուշացնում էր Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքի սպառնալիքի մասին, ապա այսօր պետք է հաստատել, որ այն դարձել է իրականություն: Կ. Նազարյանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում անվտանգության վիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար միջազգային հանրությունը պետք է հակազդի միջազգային նորմերի այս բացահայտ խախտումներին` ձեռնարկելով անհրաժեշտ բոլոր քայլերը Ադրբեջանի կողմից սանձազերծած սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու համար:
Մեկ այլ հանդիպում, որ տեղի է ունեցել ս.թ հոկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ու Կանանց եւ գենդերային հավասարության հարցերով ԳՔ տեղակալի մասնակցությամբ դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» խորագրով նիստն էր, որին մասնակցել են հինգ տասնյակից ավելի շահագրգիռ պետությունների` այդ թվում Հայաստանի ներկայացուցիչները: Նիստին ունեցած իր ելույթում Հայաստանի դեսպանը հորդորել էր ուշադրություն դարձնել հատկապես հակամարտությունների հետեւանքով տուժածների ամենախոցելի այս խմբին ու անդրադարձել խաղաղության գործընթացների եւ հակամարտությունների կարգավորման փուլերում կանանց քաղաքական մասնակցության անհրաժեշտությանը: Որպես կառուցողական քայլ, դեսպան Կ. Նազարյանը ներկայացրել էր հայ եւ ադրբեջանցի կանանց հասարակական կազմակերպությունների միջեւ նախկինում տեղի ունեցած քննարկումները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի իրականացման հարցերի շուրջ:
Թերեւս ուշագրավ էր այն հանգամանքը, որ նիստին չէր մասնակցում Ադրբեջանի պատվիրակությունը, գուցե հետաքրքրված չլինելու պատճառով: Ինչեւէ, այս երեւույթը, կամ Անվտանգության խորհրդի նկատմամբ Ադրբեջանի այս անտարբերության փաստը նորից հաստատում է, երեկ ՀՀ ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Նախարար Նալբանդյանի հարցադրումը թե արդյոք այդ երկիրն ԱԽ-ի ոչ մշտական անդամ դառնալուց հետո լուրջ եւ կառուցողական մոտեցումներ կցուցաբերի ՄԱԿ-ում: Հանձնաժողովում Նախարարը նաեւ կասկածանք էր հայտնել, ռազմատենչ քաղաքականությունից, պատերազմ հրահրող կոչերից ու ազգային թշնամանք սերմանող հայտարարություններից ադրբեջանական կողմի կարողության եւ ցանկության շուրջ:




























