ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջին հերթին տնտեսական օգուտ է ունենալու երկու երկրների համար:
«Չնայած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների փակ լինելու փաստին, այդուհանդերձ առեւտրաշրջանառություն է ընթանում, իսկ դրանց բացումից հետո երկրները կարող են իրենց համար նոր շուկաներ գտնել»,- նշել է նա: Բացի այդ Սիմոնսն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի իրավիճակի կայունացմանը այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, որտեղ բազմաթիվ սառեցված հակամարտությունների կան՝ ղարաբաղյան, ռուս-վրացական: Ընդ որում, նա շեշտել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող դառնալ հայ-թուրքական մերձեցման մասնակից կամ պաշտպանել կողմերից որեւէ մեկին:
«Ես միայն հույս ունեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն, քանի որ դրանք շաղկապված չեն մյուս հարցերի հետ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, այն լուծվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- հայտարարել է Սիմոնսը՝ ընդգծելով, որ Հայաստանի եւ Ադբեջանի նախագահները պետք է շեշտը դնեն ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման վրա:



























