Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, որն այս օրերն գտնվում է ԱՄՆ-ում, նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի չափից դուրս ակտիվացման դեպքում տարածաշրջանում իրավիճակը կարող է լարվել:

Ազիմովը նշել է, թե Ադրբեջանի հարաբերությունները Թուրքիայի հետ երկար տարիների ընթացքում «հզոր աշխարհաքաղաքական լիցք են պարունակում», եւ կոչ է արել ԱՄՆ-ին զգուշորեն վերաբերվել այդ համագործակցությանը: «Ամերիկյան կողմը չափից դուրս ակտիվորեն է Թուրքիային մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստից դուրս: Ընդ որում, նրանց առաջին հերթին հետաքրքրում է սահմանների բացումը, իսկ այս դեպքում խնդիրներ են ծագում Ադրբեջանի հետ, իսկ դա կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում: Կարծում եմ, որ ամերիկացիները պարտավոր էին գնահատել ադրբեջանա-թուրքական համագործակցությունը»,- ըստ ադրբեջանական «1 news.az»,-ի՝ ասել է Ազիմովը: