ՆԱՏՕ-ն մտադիր չէ Ռուաստանին դուրս մղել Հարավային Կովկասից: Այդ մասին նոյեմբերի 2-ին Երեւանում կայացած ասուլիսում հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն իր առջեւ նպատակ չի դրել մրցակցել Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի հետ՝ չնայած, պաշտոնյայի պնդմամբ, Ռուսաստանի կողմից նմանօրինակ հայտարարություններ մշտապես հնչում են:
«Մենք հրաշալի գիտակցում ենք, թե որքան սերտ է համագործակցում Հայաստանը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ, հայ-թուրքական սահմանը պահպանում են ռուս սահմանապահները, բայց ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը չի խանգարում այդ հարաբերություններին: Հայաստանը կարող է հավասարապես արդյունավետ համագործակցությունը զարգացնել թե՛ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի, թե՛ ՆԱՏՕ-ի հետ: Գլխավորը, որ Հայաստանի համար կա իր հարաբերությունների կառուցման ընտրություն»,- հայտարարել է Սիմոնսը:
Ընդ որում, նա ընդգծել է, թե Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը զարգանալու է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: «Ճիշտ է՝ այդ ծրագիրն ամեն 2-3 տարին մեկ նորացվում է, բայց համագործակցության տրամաբանությունը համապատասխանում է այդ ծրագրին»,- նշել է Սիմոնսը՝ հավելելով, թե Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը կառուցված է այդ երկրին անդամագրելու տրամաբանության վրա: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ Վրաստանը կարող է դառնալ Դաշինքի անդամ:



























