Նախորդ տարի կենսապահովման ոլորտում շատ մեծ ծավալի ծրագրեր ենք իրականացրել, բայց հետագա վերականգնումը շինարարների կողմից, վերականգնման աշխատանքների նվազագույն այն արդյունքները, որոնք ունենք, ոչ բավարար ենք գնահատում: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Եվ այդտեղ շատ, բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել, և այդ բազմաթիվ խնդիրները հաշվի առնելով՝ մենք նոր ստանդարտներ ենք ընդունել, որոնք ենթադրում են ավելի խիստ պահանջներ շինարարների նկատմամբ, առհասարակ ինժեներական աշխատանքն իրականացնող շինարարների նկատմամբ՝ լինեն մեր գործընկերների՞ շինարարները, թե՞ մասնավոր որևէ շինարար, որոնք իրականացնում են ասֆալտբետոնյա ծածկույթի քանդում-վերականգնում»,-ասաց նա:
Քաղաքապետն ասաց, որ իր խոսքը մասնավորապես ուղղված է հսկողություն իրականացնող մարմիններին, որովհետև հիմնականում նման աշխատանքի որակը կախված է նաև այն բանից, թե ինչ որակով է վերահսկվում:
«Այստեղ վարչական շրջաններն ունեն անելիք, և քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունն ունի անելիք, և ես հուսով եմ, որ այս տարի նախորդ տարվա նույնանման պատմությունները չեն կրկնվելու:
Եվ պետք է խնդրեմ, որպեսզի ձեր անձնակազմերն ինտենսիվ կերպով բոլոր այն հատվածներում, որտեղ տրվում է շինթույլտվություն, իրականացնեն հսկողություն, և ոչ միայն շինթույլտվություն, նույնիսկ վթարային շինարարությունների դեպքում էլ պետք է իրականացվի ձեր կողմից հսկողություն, և այդ հսկողության հսկողությունն էլ պետք է իրականացվի վերահսկողության վարչության կողմից, որովհետև մենք ունեցել ենք շատ վատ փորձ նախորդ տարվա, և ես չեմ ուզում, որ այդ փորձն այս տարի մենք նույնպես կրկնենք»,- ասաց Ավինյանը:





























