Արդեն 2010թ. սկզբին Հայաստանը 30 հոգանոց խաղաղարար անձնակազմ է ուղարկելու Աֆղանստան: Այդ մասին նոյեմբերի 6-ին Երեւանում հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը՝ բարձր գնահատելով Հայաստանի մասնակցությունը խաղաղարար գործողություններին, մասնավորապես՝ Կոսովոյում:

Սիմոնսն ընդհանուր առմամբ արդյունավետ է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության բոլոր ուղղությունները՝ նկատելով, որ Երեւան կատարած իր այցերի ընթացքում ինքը փորձում է ճշտել Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը տարածաշրջանային հարցերի, ՆԱՏՕ-ի գործունեությանն ու միջազգային անվտանգության վերաբերյալ հարցերի շուրջ:

Նա նկատել է, թե ներկայումս ՆԱՏՕ-ն սերտորեն համագործակցում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ՝ սահմանային անվտանգության եւ սահմանապահ ուժերին աջակցելու հարցերում: «Խոսքը մասնավորապես գնում է հայ-վրացական սահմանի սահմանապահ ուժերին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին, այստեղ ՆԱՏՕ-ն որեւէ գործունեություն չի ծավալում»,- նկատել է Սիմոնսը:

Հարկ է նշել, որ վերջին շրջանում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր հայ եւ վրացի սահմանապահների միջեւ:

Սիմոնսը նաեւ ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը սերտորեն համագործակցում է եւ Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ բարեփոխումների, այդ համակարգում քաղաքացիական աշխատողների, բյուջետային բարդ լուծումներ պահանջող փաստաթղթերի ձեւակերպման հարցերում:

Դաշինքը համագործակցում է նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Այսպես, 2010թ. ՆԱՏՕ-ի շրջանակներում Երեւանում վարժանքներ են անցկացվելու արտակարգ իրավիճակների ծրագրման շուրջ:

Սիմոնսը հույս է հայտնել, թե Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության մշակմանը, որ չէր նորացվել վերջին 10 տարում: «Առաջիկայում Օսլոյում մեծ հանդիպում կլինի այդ հարցով, եւ հուսով եմ՝ Հայաստանն էլ կմասնակցի դրան»,- նշել է նա: