Հայաստանի կրթական համակարգում ՀՀ-ԵՄ համագործակցության ծրագրին համապատասխան՝ լայնածավալ բարեփոխումներ կիրականացվեն: Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ ԵՄ կրթական համակարգի` Հայաստանի կրթական համակարգում ընդլայնման ծրագրի հաստատման եւ իրականացման աշխատանքային խմբի նոյեմբերի 6-ի նիստում:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում որոշվել է քառամսյա ժամկետում մշակել բարեփոխումների ծրագիր, որի նպատակն է` Հայաստանի միջին մասնագիտական, բուհական, ետբուհական կրթական համակարգը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:
Բարեփոխումները ենթադրում են նաեւ գիտական համագործակցության խթանում, ընդհանուր ռազմավարական գործունեության մշակում, ԵՄ շրջանակային ծրագրերին Հայաստանի գիտական կազմակերպությունների եւ անհատ գիտնականների առավել ակտիվ մասնակցություն, եվրոպական ուղղվածության կրթական հաստատությունների զարգացում:



























