Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունում, նոյեմբերի 6-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին` «Զանգեր» կոչվող հատվածում, առատ ձյան եւ ձնաբքի հետեւանքով ավտոմեքենաներ են մնացել ճանապարհին եւ չեն կարողանում շարունակել ընթացքը. առաջացել է խցանում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ պարզվել է, որ ավտոմեքենաները խցանվել են Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ջոկատը եւ Վայք քաղաքի «Ճանշին» ՓԲԸ-ի «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան` ավազով բեռնված:
Տեղում պարզվել է, որ խցանման մեջ են տարբեր մակնիշի 54 ավտոմեքենա:
«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, ավազ ցրելով, հասել է դեպքի վայր, որից հետո մեքենաները իջել են ներքեւ:
Տեղում աշխատանքներ են իրականացրել Սյունիքի մարզի Սառնակունք գյուղից 2 եւ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղից 1 «Բելառուս» մակնիշի տրակտոր:




























