«Ժամանակն է նեխած-փտած համակարգի դռները բացելու, խոսքս հենց այդ հատուկ դպրոցների փակ, կոռումպացված համակարգի մասին է»: Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողներին ասաց «SOS Թեղուտ» հասարակական նախաձեռնության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

Վերջինս պատմեց նաեւ, թե ինչպես քննիչը առաջարկել է իր նկատմամբ հարուցված գործը կարճել: Առաջարկությունն արվել է հոկտեմբերի 21-ին, երբ Մարիամին կանչել էին Էրեբունու քննչական բաժին` հայտնելու, որ առաջադրված մեղադրանքը մեղմացվել է: Նախկինում Սուխուդյանին մեղադրանք էր առաջադրվել «սուտ մատնության» համար, ինչն ազատազրկում էր նախատեսում, իսկ հոկտեմբերի 21-ին մեղադրանքը վերաորակվել է ՀՀ քր.օր.-ի 135-րդ հոդվածի առաջին մասով՝ (Զրպարտություն), որը պատժվում է տուգանքով:

Ավելին, այս հոդվածով մեղադրվողները համաներման տակ կարող են ընկնել:

«Մինչեւ հայտարարեր, որ նախաքննությունը ավարտվել է, հայտնեց, որ այս հոդվածը իր մեջ ներառում է համաներում: Ասաց՝ համաձա՞յն ես, որ այսպես անենք գործը կարճվի ու էլ չշարունակվի: Իսկ ես ասացի ոչ, մենք ուզում ենք գտնել իրական հանցագործներին», նշեց Սուխուդյանը` հավելելով, որ «իրենք չէի ուզենա՝ այս խայտառակ գործը դատարան գնա»:

Սուխուդյանի փաստաբան Նոնա Գալստյանը Մարիամի նկատմամբ ներկայացված մեղադրանքների անընդհատ փոփոխությունը պայմանավորում է նախաքննական մարմնի կողմից ոչ օբյեկտիվ ու ամբողջական քննություն իրականացնելու փաստով:

Հիշեցնենք, որ Կանաչների շարժման երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին մեղադրանք էր առաջադրվել, երբ նա եւ իր ընկերները համարձակվել էին բարձրաձայնել Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկում աշակերտների նկատմամբ ուսուցիչներից մեկի կատարած սեռական ոտնձգությունների մասին: Նրա նկատմամբ ներկայացված մեղադրանքները արդեն մի քանի անգամ փոփոխվել են: