Այսօր ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը բարձրացրեց նախարարություններում որոշ աշխատակիցների հսկայական պարգեւավճարներ տալու խնդիրը՝ նկատելով, որ երբեմն այդ պարգեւավճարները գերազանցում են աշխատավարձի ֆոնդը, ինչը նորմալ երեւույթ չէ: Նա հիշեցրեց, որ 2008 թվականին, երբ նույն հարցը ինքը բարձրացրել է Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի առջեւ՝ ասելով, որ իրեն հայտնի է դեպք, թե ինչ-որ մեկը այդ նախարարությունում 500 հազար դրամի պարգեւավճար է ստացել, նախարարը պատասխանել է, թե 500 հազար դրամ չէ, այլ մեկ միլիոն դրամ է:
«Երեւի երիտասարդ նախարար էր, դրանով հպարտացավ՝ չիմանալով, որ պետք է թաքցնել»,- ընդգծեց Վ. Բոստանջյանը:
Ի պատասխան այս հարցադրման, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ բյուջեով պետությունը պարգեւավճարներ չի նախատեսել, իսկ դրանք կատարվում են նախարարություններում տնտեսումների հաշվին, քանի որ նախարարություններին հնարավորություն է տրված որոշակի տնտեսումներ անել եւ այդ գումարները բաշխել այլ ուղղություններով:
Հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նույն խնդրի առնչությամբ հարցրեց. «Այդ ինչ տեսակ ծրագրավորւմ է, որ կարելի է աշխատավարձից 10 անգամ գերազանցող տնտեսումներ անել: Էդ ի՞նչ եք տնտեսել, ինչի՞ հաշվին եք տնտեսել, գուցե որակի՞»: Պ. Սաֆարյանն արձագանքեց, որ եթե նախատեսված է 82 հոգու հաստիքացուցակ, նաեւ հստակ են դրույքաչափերը, ապա իրենք առաջնորդվում են դրանով: Այս կապակցությամբ Վ. Բոստանջյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նկատեց. «Դու սկզբից պետք է նախատեսես նվազագույն թիվը: Քեզ չեն տվել այնպիսի ազատ վիճակ, որ դու 80 հոգի աշխատանքի բերես, եթե 40 հոգով կարող ես անել նույն աշխատանքը, իսկ մնացածին հենց այնպես վճարես»:




























