Հայաստանի կառավարությունը որոշել է 11 մլն դրամ հատկացնել Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի տարածքի նախորդ ամիսների վարձերը վճարելու համար:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 6-ին կայացել է կառավարության նիստ, որում որոշում է ընդունվել 2008թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2009թ. մայիսի 31-ը եւ 2009թ. հունիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածներում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի տարածքի վարձակալության համար վճարում կատարելու նպատակով պահուստային ֆոնդից հատկացնել 11 մլն 797 հազար 28 դրամ` մասնակցելով կիսով չափ վարձակալման վճարին:
Իր մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջեւ 1996թ. Քիշնեւում ստորագրված միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին" արձանագրությունը ստորագրելու առաջարկությանը:



























