Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Ցոտնե Գամսախուրդիայի առողջական վիճակը հացադուլի 10-րդ օրը ավելի է վատացել: Այդ մասին հայտարարել է Գամսախուրդիայի փաստաբան Կետի Բեկաուրին:
«Գրուզիա Օnline»-ի փոխանցմամբ՝ Բեկաուրին հայտարարել է, թե իր պաշտպանյալը գտնվում է առանձին խցում՝ բժիշկների հսկողության տակ: Նա շարունակում է բողոքել ձերբակալության դեմ՝ իրեն անմեղ համարելով: Փաստաբանը նաեւ նշել է, թե առաջիկայում դիմելու է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ խափանման միջոցի վերանայման միջնորդությամբ:
Նախօրեին վերաքննիչ դատարանը չի բավարարել Գամսախուրդիայի գործով բողոքը եւ անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: Նախկին նախագահի որդին մեղադրվում է կանխամտածված սպանության փորձի եւ ապօրինի հրազենի պահելու համար: Այժմ Գամսախուրդիան գտնվում է երկամսյա նախնական կալանքի մեջ:




























