Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային երկօրյա  այցը Բրյուսել. այցի առաջին օրը նա ներկա է գտնվել Եվրոպայի ժողովրդական կուսակցության կազմակերպած «Ապահովելով եվրոյի ապագան առավել խորը տնտեսական ինտեգրման միջոցով» խորագիրը կրող համաժողովին:

Այս համաժողովին մասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տնտեսագետներ եւ այլն:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկումների առանցքում միասնական արժույթի պաշտպանության հիմնախնդիրներն են, քաղաքական առավել սերտ ինտեգրումը, եվրոպական կառուցակարգային բարեփոփոխումները,  բանկային կապիտալիզացիայի, հանրային պարտքի եւ միասնական արժույթի կայունության միջեւ առկա կապը, մակրոտնտեսական կայունությունն ու այլ խնդիրներ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցի երկրորդ օրը կմեկնարկի Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների հետ աշխատանքային նախաճաշով:

Նոյեմբերի 8-ին վարչապետը կմասնակցի ԵԺԿ քաղաքական վեհաժողովին: Այցի ավարտին վարչապետը կհանդիպի «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության անդամների հետ:

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը եւ այլ պաշտոնատար անձինք: