Հորդ անձրեւները անսպասելի հեղեղումներ ու սողանքներ են առաջացրել ինդոնեզական Սումատրա կղզում, ինչի հետեւանքով զոհվել է 10 մարդ, 10 հոգի անհետ կորել է, տեղեկացրել է АР-ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Տոննաներով ցեխ, քարեր եւ արմատախիլ արված ծառեր են լեռներից գլորվել ուրբաթ ուշ երեկոյան՝ հասնելով գետին, որն ափերից դուրս էր եկել եւ լեռնային գյուղերով հասել Պեսիսիր Սելատան շրջան Արեւմտյան Սումատրա նահանգում, տեղեկացրել է տեղի տարերային աղետների դեմ պայքարի գործակալության ղեկավար Դոնի Յուսրիզալը։

Նա նշել է, որ 46 000 մարդ ապաստան է գտել ժամանակավոր կառավարական ապաստարանում այն բանից հետո, երբ հեղեղումները եւ սողանքները քանդել են 14 տներ, իսկ 20 000 տուն մինչեւ տանիքները մնացել է ջրի տակ։

Հորդ անձրեւները հաճախակի սողանքներ եւ հանկարծակի հեղեղումներ են առաջացնում Ինդոնեզիայում, որտեղ միլիոնավոր մարդիկ ապրում են լեռնային շրջաններում կամ գետերի ողողադաշտերի մոտ։