Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը եւ հայտնել այն զարգացնելու հայկական կողմի պատրաստակամությունը: Զրուցակիցները համաձայնել են, որ այն պետք է լինի թափանցիկ ու հասկանալի հայ հասարակության համար: Այդ համատեքստում նրանք քննարկել են ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախաձեռնությունները, ինչպես նաեւ Հայաստանում զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները եւ արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում համագործակցության ծրագրերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին: