Պակիստանի նախկին նախագահ Ասիֆ Ալի Զարդարին շաբաթ օրը երկրորդ ժամկետով հաղթել է ընտրություններում՝ խորհրդարանում և տարածաշրջանային ժողովներում քվեարկության ընթացքում ստանալով իշխող կոալիցիայի աջակցությունը, հայտնել է ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղեկացնում է Reuters-ը։

Նախագահի դերը Պակիստանում հիմնականում արարողակարգային է, սակայն Զարդարին հայտնի է որպես հաշտեցման վարպետ և կարող է օգնել իշխող կոալիցիայի իր գործընկերներին կոնսենսուսի հասնել՝ ավերված տնտեսությունը կայունացման ուղու վրա դնելու համար՝ ԱՄՀ-ին ֆինանսական նոր օգնությամբ դիմելուց առաջ:

Որպես նախագահ՝ Զարդարին կլինի նաև երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարը, որը հսկայական դեր է խաղում կառավարությունների ստեղծման կամ տապալման գործում:

Համաձայն խորհրդարանի հայտարարության, Զարդարին ստացել է 411 ձայն՝ հեշտորեն հաղթելով ազգայնական առաջնորդ Մեհմուդ Խան Աչաքզային, որին ընդամենը 181 ձայն է տրվել։

Աչաքզային աջակցում էր բանտարկված նախկին վարչապետ Իմրան Խանի կուսակցությունը։

Նախագահն ընտրվում է խորհրդարանի ստորին և վերին պալատների և չորս նահանգային օրենսդիր ժողովների քվեարկությամբ:

Զարդարին նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի այրին է և քաղաքական հեղինակություն է ձեռք բերել  2007 թվականի դեկտեմբերին մահապարտ ահաբեկչի ռումբի պայթունի հետևանքով իր կնոջ սպանությունից հետո: