2019 թվականին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լիազորել էր Կենտրոնական հետախուզական վարչությանն  իրականացնել գաղտնի գործողություն՝ Չինաստանում հասարակական կարծիքը Սի Ցզինպինի կառավարության դեմ շրջելու նպատակով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գործողության մանրամասներին ծանոթ նախկին ամերիկացի պաշտոնյաներին։

Ըստ աղբյուրի՝ ԿՀՎ-ն հավաքել է օպերատիվ աշխատողների մի փոքր խումբ, որոնք կեղծ էջեր են ստեղծել չինական սոցիալական ցանցերում և զրպարտիչ տեղեկություններ են տարածել այնտեղ Չինաստանի իշխանությունների գործողությունների մասին։ Գործակալները գրառումներ են արել՝ պնդելով, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամները «թաքցնում են ապօրինի կերպով ձեռք բերված գումարները արտասահմանում» և Չինաստանի «Գոտի և ճանապարհ» ենթակառուցվածքային նախաձեռնությունը որակել որպես «կոռումպացված»:

Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ որ այս կերպ ԿՀՎ-ն փորձում էր «պարանոյա առաջացնել» Չինաստանի ղեկավարության շարքերում և ստիպել նրան մեծ ռեսուրսներ ծախսել  վարկաբեկող տեղեկատվությունը տարածողներին գտնելու համար։

Գործողության պատճառը, ինչպես նշվում է, Վաշինգտոնի մտահոգություններն էին աշխարհում Չինաստանի աճող ազդեցության վերաբերյալ, ինչպես նաև հետախուզությունն այն մասին, որ Պեկինը կաշառքների և սպառնալիքների միջոցով իբր փորձել է ստանալ զարգացող երկրների աջակցությունը աշխարհաքաղաքական վեճերում, ինչպես նաև փորձել է սերմանել պառակտում հենց Միացյալ Նահանգների ներսում: