«Գործը, որ այժմ գտնվում է Վերաքննիչ դատարանում, չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր նպատակին»,- նոյեմբերի 6-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նախկին ուսանողուհի, նույն բուհի դեմ դատական հայց ներկայացրած Անահիտ Մանասյանը՝ խոսելով իր եւ համալսարանի միջեւ առկա, մի քանի տարի ձգձգվող դատավարության ընթացքի մասին։
Հիշեցնենք, որ ավելի քան երեք տարի ընթացքի մեջ գտնվող դատական գործընթացի պատճառը խաբեությունն է, ինչի հետեւանքով համալսարանի նախկին ուսանողուհի Անահիտ Մանասյանը նախապես խոստացված երկու՝ հայկական եւ ֆրանսիական, պետական դիպլոմների փոխարեն ստացել է միայն մեկը, այն էլ ոչ թե պետական, այլ միայն ներբուհական նշանակության, որը տվյալ համալսարանից դուրս պարզապես չի գործում։
Նշելով, որ Վերքննիչ դատարանում հայցը մերժվել է, Ա. Մանասյանը տեղեկացրեց, որ այս անգամ իրենք փորձել են հստակություն մտցնել այն կետում, որտեղ ընդհանուր կերպով նշված է, թե «Ֆրանսիական համալսարանը ուսման ավարտին կարող է պետական դիպլոմ շնորհել ուսանողին»։ Նրա խոսքով, սակայն, իրենք շարունակելու են պայքարել այն բանի համար, որպեսզի այդ կետում հստակություն մտցվի եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը նրան տրամադրի Ֆրանսիայի կառավարության կողմից ճանաչված «Լիսանս» եւ բակալավրի աստիճանի երկու դիպլոմներ ։
Նշելով, որ հաջորդ դատալսման օրը դեռեւս հայտնի չէ, բուհի նախկին ուսանողուհին ընդգծեց, որ պատասխանող կողմից, առաջվա նման, դատարան է ներկայացել միայն փաստաբանը։



























