Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը վարչապետ է նշանակել Պաղեստինի ներդրումային հիմնադրամի ղեկավար Մուհամեդ Մուստաֆային։

Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է Աբասի կողմից և ուղարկվել Մուստաֆային։

«Մենք որոշել ենք ձեզ նշանակել վարչապետ և հանձնարարել ձևավորել Պաղեստինի 19-րդ կառավարությունը օրենքով սահմանված ժամկետներում»,- ասվում է փաստաթղթում, որի տեքստը հրապարակել է WAFA գործակալությունը։

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարը նոր վարչապետին կոչ է արել իր պաշտոնում պաշտպանել պաղեստինցի ժողովրդի շահերը, պահպանել ու ընդլայնել նրանց ձեռքբերումները և օգնել նրանց հասնել իրենց նպատակներին: