Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 5-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1986 թ. ծնված Հովսեփ Հ.-ն եւ 1988 թ. ծնված Սպարտակ Զ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.20-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում գտնվող «Պարտեզ» խանութի դիմաց, սեւ գույնի «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմի պատուհանից անհայտ անձի կողմից ինքնաձիգից կրակահերթ է արձակվել 1947 թ. ծնված Հակոբ Հ.-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որն այդ պահին վարել է նրա որդին՝ Հովսեփ Հ.-ն: Արձակած կրակահերթից Հովսեփ Հ.-ն աջ ազդրի եւ որովայնի մասերում, իսկ ուղեւոր Սպարտակ Զ.-ն՝ ձախ ազդրի մասում ստացել են հրազենային վնասվածքներ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու եւ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:




























