Բելգորոդի մարզի Գրայվորոնի օկրուգի ղեկավար Գենադի Բոնդարեւը կոչ է արել տարհանել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։
«Դիմում եմ նրանց, ովքեր մնացել են օկրուգում։ Իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Խնդրում եմ ձեզ ճիշտ որոշում կայացնել եւ ժամանակավորապես հեռանալ քաղաքային օկրուգի տարածքից»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։
Բոնդարեւի խոսքով՝ օկրուգի բնակիչներին պատրաստ են ընդունել Յարոսլավլի մարզում։ Նա ավելացրել է, որ իշխանությունները փորձում են մթերքներ հասցնել օկրուգի բնակիչներին, բայց խորհուրդ է տվել «վտանգի չենթարկել իրենց եւ մերձավորներին»։
Գրայվորոն քաղաքը հինգ կիլոմետր է հեռու Ուկրաինայի սահմանից, բնակչությունը մինչեւ պատերազմը կազմում էր 6 հազար մարդ։ Գրայվորոնի քաղաքային օկրուգը, որի կազմի մեջ են մտնում նաեւ մոտ 12 գյուղեր, սահմանակից է Ուկրաինայի Խարկովի եւ Սումի մարզերին եւ մշտապես ենթարկվում է գնդակոծությունների։
Նախօրեին ՌԴ իշխանությունները տեղեկացրել էին, որ Գրայվորոնի հերթական գնդակոծության ժամանակ զոհվել են երկու խաղաղ բնակիչներ։





























