Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին: Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը` ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդման ուղղությամբ: Երկրի ղեկավարը ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը ոչ միայն ռազմական, այլեւ անվտանգության, արտակարգ իրավիճակների ոլորտներում համարել է օգտակար, ուսանելի եւ անհրաժեշտ:

Ռոբերտ Սիմոնսի գնահատմամբ` ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները շատ լավ հարթության վրա են: Նա հույս է հայտնել, որ 2009-2010թթ. «Անհատական գործընկերության» գործողությունների ծրագիրը նույնպես հաջողությամբ կիրականացվի: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը կարեւորել է Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղապահ գործունեության մեջ:

Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը եւ նշել, որ ՆԱՏՕ-ն կողմնակից է հարաբերությունների հաստատմանն առանց նախապայմանների: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանները հնարավորինս արագ կվավերացնեն ստորագրված արձանագրությունները: