«Բաքվում եւ Երեւանում երկու երկրների նախագահներն էլ հաստատել են, որ պատրաստ են շարունակել քննարկումները ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ճանապարհին հետագա առաջընթացի հասնելու համար»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը տեղադրված նրանց պաշտոնական կայքում:

«Նրանք համաձայնել են համանախագահների առաջարկին, կազմակերպել հերթական երկկողմ հանդիպումը (այս տարվա ընթացքում 6-րդը) նոյեմբերի վերջին: Հանդիպման տեղն ու ժամանակը դեռ պետք է համաձայնեցնել»,- նշում են հայտարարության հեղինակները:

Հիշեցնենք, որ համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) նոյեմբերի 4-6-ն այցելեցին տարածաշրջան: Նրանք նոյեմբերի 5-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, իսկ նոյեմբերի 6-ին` Երեւանում` Սերժ Սարգսյանի հետ: Նույն օրը նրանք վերադարձել են Բաքու, որից հետո հանդես եկել այս հայտարարությամբ: