«Ժամանակ առ ժամանակ հայ-վրացական սահմանում ի հայտ եկող խնդիրները Երեւանի երկչոտ ու անհեռատես քաղաքականության արդյունք են»,- այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով, իրավիճակը հայ-վրացական սահմանի սահմանագծման հարցում այնքան է խորացել, որ հայկական կողմը շատ ջանքեր պետք է գործադրի, որպեսզի վերադարձնի իր նախկինում ունեցած դիրքերը: «Մեղադրել Վրաստանին, որը ձգտում է առավելագույնս „մեծացնել“ իր երկրի տարածքը, այս դեպքում չի կարելի: Նրա տրամաբանությունը լրիվ հասկանալի է, յուրաքանչյուր երկիր նույն կերպ կվարվեր, եթե իր ճանապարհին չհանդիպեր դիմադրության: Իսկ Երեւանը այս ամբողջ ընթացքում սահմանում տեղի ունեցողին հետեւում է երկչոտ լռությամբ, կարծես դա չի շոշափում մեր երկրի շահերը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Վրաստանը Հայաստանից առաջ է հասկացել, թե ինչ շահ կարող է ստանալ սահմանագծման ճիշտ քաղաքականություն վարելու արդյունքում: «Կարծում եմ, որ եթե Հայաստանը ժամանակին արձագանքի եւ Վրաստանին հասկացնել տա, որ շատ հարցերում Թբիլիսին կախված է Երեւանից, սահմանագծման գործընթացում հնարավոր կլինի խուսափել խնդիրներից եւ ամեն ինչ լուծել համաձայնությամբ»,- նշեց պատգամավորը:

Նշենք, որ օրերս հայ-վրացական սահմանում հերթական միջադեպն էր գրանցվել, որի ժամանակ վրացի սահմանապահները խոչընդոտել էին հայկական կողմի տեխնիկական աշխատանքների իրականացմանը: Մասնավորապես հայկական կողմը ցանկացել էր սյուներ տեղադրել սահմանին, իսկ վրացական կողմը թույլ չէր տվել: Որոշ լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, իրավիճակն այնքան էր սրվել, որ միջադեպը հնարավոր էր եղել հարթել միայն երկու կողմերի սահմանապահ զորքերի հրամանատարների միջամտությունից հետո: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ-վրացական սահմանի մեկ այլ հատվածում՝ Բավրա գյուղի մոտակայքում, միջադեպ էր գրանցվել վրացի սահմանապահների եւ հայ գյուղացիների միջեւ: Վերջիններս փորձել էին հասնել իրենց սեփականություն հանդիսացող հողատարածքներ, իսկ վրացի սահմանապահները թույլ չէին տվել: Հենց դրանից հետո որոշում էր կայացվել հայ-վրացական սահմանի սահմանագծում իրականացնել, որպեսզի հստակ լինի, թե որ տարածքը որ երկրին է պատկանում: