Վանա Ախթամար կղզում գտնվող Հայկական Սուրբ Խաչ եկեղեցին եւ Տրապիզոնի Սումելի մենաստանը տարվա մեջ մեկ անգամ կբացվեն կրոնական արարողությունների համար։ Այդ մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունային։
Նախարարը հայտնել է նաեւ, որ Սուրբ Խաչ եկեղեցու գագաթին խաչ կտեղադրվի, եւ նա իր նախնական տեսքը կընդունի։ Հրապարակման մեջ նշվում է, որ «մշակույթի եւ կրոնի ոլորտում Թուրքիայի նախաձեռնությունները 2010թ. կհայտնվեն ուշադրության կենտրոնում»։ Համաձայն հրապարակման՝ նմանօրինակ հանդուրժողականությունը պայմանավորված է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ, ինչի մասին վկայում են նաեւ նախարար Գյունայի խոսքերը. «Թող հայ եւ թուրք մասնագետները վերականգնեն համաշխարհային մշակույթի արժեք հանդիսացող Անիի ավերակները»։ Թերթը ընդգծում է նաեւ այն փաստը, որ Անին 945-1045թթ.եղել է հայկական Բագրատունյաց արքայական տոհմի մայրաքաղաքը։
«Ես կարող եմ այցելել Հայաստան: Եթե Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը այցելել է Հայաստան, ինչու՞ ես էլ նույնը չանեմ: Ես այդ քայլին դիմելու համար ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում: Ցավոք, օրենքը թույլ չի տալիս պատմական հուշարձան հանդիսացող եկեղեցիները բացել եկեղեցական արարողությունների համար: Բայց մեր նախարարությունն աշխատում է այդ ուղությամբ, եւ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի»,- մեջբերում է նախարարին Hurriyet-ը:
Հիշեցնեք, որ Սուրբ Խաչ եկեղեցին հայ ճարտարապետության գլուխգործոցներից է:
Այն կառուցվել է 915-921 թթ., Գագիկ Արծրունու գահակալության ժամանակ՝ Մանուել ճարտարապետի կողմից:
Նշենք, որ այս տեղեկությունն առկա էր միայն Hurriyet Daily News անգլալեզու կայքում, իսկ թուրքալեզու ոչ մի աղբյուր, այդ թվում նաեւ նույն Hurriyet-ի թուրքալեզու կայքը, նման տեղեկատվություն չի հայտնել։




























