«Հայ-վրացական սահմանին օրեր առաջ կատարվածն անթույլատրելի է եւ պետք է անել ամեն բան նմանօրինակ դեպքերը բացառելու համար»,- նոյեմբերի 7-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով մի քանի օր առաջ հայ-վրացական սահմանին տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ վրացական կողմը փորձել էր խոչընդոտել հայ սահմանապահների կողմից իրականացվող սահմանազատման աշխատանքները։
Նկատելով, որ հայկական կողմն այսօրինակ դեպքերում առավել հետեւողական եւ նախաձեռնող վերաբերմունք պետք է ցուցաբերի, ԱԺ պատգամավորը հայտարարեց, որ վրացական կողմի հետ տարաձայնություններից խուսափելու համար սահմանային շփումների վերահսկողության գործին առավել ընդգծված ուշադրություն պետք է դարձնել։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ Վերին Լարսի անցակետի հնարավոր բացմանը, եւ նրան, թե ի՞նչ կարող է դա տալ Հայաստանին, Ա. Մինասյանը նկատեց, որ դրանից մեր երկրի տնտեսությունը միայն կշահի։ Նրա համոզմամբ, բեռնափոխադրումներն այդ պարագայում, անկասկած, առավել հարմար գներով կիրականցվեն, ինչն էլ մրցակցության եւ տնտեսական զարգացման լավագույն խթան կարող է հանդիսանալ։
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում հայ-վրացական սահմանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նշեց, որ շատ լավ կլիներ, որ ամեն ինչ կատարվեր համաձայնեցված, այսինքն սահմանային գոտում որեւէ գործողություն կատարելուց առաջ կողմերն այդ մասին տեղյակ պահեին մյուս կողմին, նման անցանկալի միջադեպերից խուսափելու համար:



























