Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում արձանագրվում են լրջագույն զարգացումներ, որոնք կարող են բախտորոշ լինել հարցի վերջնական լուծման առումով։
Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ։ Կարեւոր հանգրվան համարելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարությունը՝ ՀԱԿ-ը նշել է, որ երեք նախագահների հայտարարությունը չի բացահայտում բուն (նորացված) փաստաթուղթը, որը պետք է դրվի լուծման հիմքում, ուստի նա իր վերջնական գնահատականը թողնում է ապագային, երբ պարզ կդառնան փաստաթղթի էությունը բացահայտող մանրամասները։ Միաժամանակ, նշվում է, որ հայտարարության պարունակած տեղեկությունները՝ զուգակցված պաշտոնական այլ հայտարարությունների ընձեռած տեղեկատվությանը (որոնք չեն հերքվել Հայաստանի իշխանությունների կողմից) լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Մասնավորապես պարզ դարձնելով, որ այլեւս չի քննարկվում Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ ըստ էության ֆիկցիա է դառնում վարչախմբի կողմից ավելի քան 10 տարի թմբկահարված փաթեթային լուծումը։ Բացի այդ, ըստ էության, օրակարգից հանվել է հանրաքվեի դրույթը. այն փոխարինվել է ավելի անորոշ ձեւակերպումներով։ Անհստակ ու անբավարար լուծում է տրվում Հայաստան — Լեռնային Ղարաբաղ ցամաքային կապի՝ Լաչինի միջանցքի կարգավիճակի սահմանման հարցին։ Եթե նախկինում խոսվում էր միայն վերադարձվող տարածքներ փախստականների վերադարձի մասին, այժմ արդեն խոսվում է նաեւ նրանց վերադարձի մասին բուն Լեռնային Ղարաբաղ, իսկ կարգավորման հրապարակված սկզբունքներում ոչ մի խոսք չկա շրջափակումների վերացման մասին։ ՙՎտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, որի մասին Կոնգրեսն ահազանգում է արդեն 1.5 տարի շարունակ։ Պաշտոնական քարոզչությունն ու կեղծ ընդդիմությունն այս ընթացքում շեղել է ժողովրդի ուշադրությունը մեր ահազանգերից, փորձել հանդարտեցնել հասարակությանը` ասելով, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացում լուրջ զարգացումներ չկան, եւ ստատուս-քվոն կպահպանվի դեռ երկար ժամանակ։ Բնական է, որ միջազգային հանրությունը չէր կարող չօգտագործել լավագույն առիթը. ՀՀ իշխանությունների եւ, մասնավորապես, Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը, երկրում ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, քաղբանտարկյալների եւ համատարած կոռուպցիայի առկայությունը։ Այս հիմքի վրա է, որ նա Հայաստանի իշխանութուններին հարկադրեց լուրջ զիջումների գնալ ինչպես հայ-թուրքական, այնպես էլ ղարաբաղյան կարգավորման գործընթացներում։ Չվայելելով ժողովրդի վստահությունը եւ չունենալով լեգիտիմություն, Սերժ Սարգսյանը եւ նրա գլխավորած ավազակապետական իշխանությունը գնաց այդ զիջումներին՝ պահպանելու համար իր իշխանությունը՚։
Ղարաբաղյան կարգավորման գործընթացը, ըստ ՀԱԿ-ի, սրընթաց հանգուցալուծման է գնում եւ՝ ամենեւին ոչ հայանպաստ ելքով։ Երկրի ներսում սեփական ժողովրդի հետ հաշտության հասնելու, ազգային համախմբման մթնոլորտ հաստատելու փոխարեն, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ անհամեմատ ուժեղացնել Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, Սերժ Սարգսյանի վարչախումբը գերադասում է ոչ համարժեք զիջումների գնալ, ինչը հավասարազոր է ազգային դավաճանության։
ՙՃակատագրական ու վտանգավոր այս գործընթացը կանխելու եւ Սերժ Սարգսյանին բախտորոշ փաստաթուղթ ստորագրել թույլ չտալու մեկ ձեւ կա. Հայաստանի հանրապետության եւ Ղարաբաղի բնակչության, բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի համատեղ ջանքերով պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը, անցկացնել արտահերթ նախագահական, ապա նաեւ խորհրդարանական ընտրություններ, ձեւավորել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, որը հնարավորություն կունենա միջազգային հանրության առջեւ լիարժեքորեն պաշտպանել հայ ժողովրդի ազգային շահերը՚ ասված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ։



























