Հունվարի 17-ին Ուկրաինայում անցկացվելիք նախագահական ընտրություններում առաջադրվել են 19 թեկնածուներ: Ուրբաթ կեսգիշերին այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրել է առաջադրման փաստաթղթերի ընդունումը: Ըստ ԿԸՀ-ի, թեկնածուների գրանցման գործընթացը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 13-ը:

Առաջադրված թեկնածուների թվում են երկրի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն, Տարածաշրջանների կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը, ներկայիս վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, Գերագույն ռադայի ներկայիս խոսնակ Վլադիմիր Լիտվինը եւ նախկին խոսնակ Արսենի Յացենյուկը, պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն, կուսակցությունների ղեկավարներ, պատգամավորներ, գործարարներ եւ այլոք: Համեմատության համար նշենք, որ 2004 թվականին Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկներում ընդգրկված էր 24 թեկնածուի անուն:

Ներկայումս ամենից բարձր վարկանիշ ունի Վիկտոր Յանուկովիչը, երկրորդ տեղում Յուլիա Տիմոշենկոն է, իսկ ներկա նախագահ Վիկտոր Յուշչենկոն անգամ երրորդը չէ: