Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին եռօրյա պետական այցով կմեկնի Հունգարիայի Հանրապետություն։

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ԱԺ-ի հայ-հունգարական բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը, պաշտոնատար այլ անձինք։

Նոյեմբերի 8-ի երեկոյան ՀՀ Նախագահը կժամանի Բուդապեշտ։

Նոյեմբերի 9-ին Հունգարիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Լասլո Շոլոմի առանձնազրույցը։ Դրանից հետո նախագահների մասնակցությամբ տեղի կունենա պավիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Երկու երկրների կառավարությունների միջեւ կստորագրվեն համագործակցության մի շարք համաձայնագրեր։

Այնուհետեւ Հայաստանի Հանրապետության եւ Հունգարիայի Հանրապետության նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։

Նույն օրը Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Հունգարիայի Խորհրդարանի նախագահ Բելա Կատոնայի հետ։

Բուդապեշտում Սերժ Սարգսյանը կայցելի Հերոսների հրապարակ, որտեղ ծաղկեպսակ կդնի հուշահամալիրում։ Պետեֆի հրապարակում ՀՀ Նախագահը ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի խաչքարին։

Օրվա ավարտին Հունգարիայի նախագահ Լասլո Շոլոմի անունից ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կտրվի պետական ճաշ։

Նոյեմբերի 10-ին Նախագահ Սարգսյանը կհանդիպի Կարդինալ Պետեր Էրդոյին եւ Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնային, ապա եւ` հայ-հունգարական գործարար համաժողովի մասնակիցներին։

Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Բուդապեշտի տեսարժան վայրեր։ ՀՀ Նախագահը Հունգարիայի նախագահի հետ շրջայց կկատարի Բուդապեշտի ռազմական պատմության թանգարանում։

ՀՀ նախագահի մամլո ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ նոյեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին Նախագահ Սարգսյանը, ՌԴ Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսի հրավերով, Բուդապեշտից կարճատեւ աշխատանքային այցով կմեկնի Կալինինգրադ։

Նույն օրը Նախագահ Սարգսյանը կհանդիպի նահանգապետին, ապա նաեւ` տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին։

Կալինինգրադում Նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի հայկական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը, ծաղիկներ կդնի հայկական խաչքար-հուշակոթողին։

Նոյեմբերի 11-ին ՀՀ նախագահը կվերադառնա Երեւան։