Նոյեմբերի 2-4-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով այցելել է Լոնդոն եւ Դուբլին: Միացյալ թագավորության (ՄԹ) Ֆորին օֆիսի հետ խորհրդակցությունների շրջանակներում փոխնախարար Ղազինյանը հանդիպումներ է ունեցել Հարավային Կովկասում ՄԹ կառավարության ներկայացուցիչ սըր Բրայըն Ֆոլի, ինչպես նաեւ բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչությունում տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ինչպես հայ-բրիտանական երկկողմ, այնպես էլ ԵՄ-Հայաստան հարաբերությունները: Փոխնախարար Ղազինյանը բրիտանական կողմին է ներկայացրել հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումները` այդ համատեքստում կարեւորելով թե’ միջազգային կազմակերպությունների, թե’ առանձին երկրների աջակցությունը: Բրիտանական կողմն իր հերթին հավաստել է, որ ողջունում է հայ-թուրքական մերձեցումը, եւ հույս հայտնել, որ որ սկսված գործը կհասնի իր տրամաբանական ավարտին: ՄԹ դիվանագետները իրենց աջակցությունն են հայտնել նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնությանը` նշելով, որ այն հրաշալի հնարավորություն է ընձեռում ինչպես ներառված երկրների եւ ԵՄ միջեւ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության տեսանկյունից: Եվրոպայի հարցերով նախարարի հետ հանդիպման ընթացքում կողմերը որոշել են հնարավորության դեպքում միջգերատեսչական խորհրդակցությունները դնել կանոնավոր հիմքերի վրա:
Նոյեմբերի 3-ին փոխնախարար Ղազինյանը Լոնդոնից մեկնել է Դուբլին, որտեղ հանդիպումներ է ունեցել Իռլանդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Դեյվիդ Դոնոհյուի եւ Եվրոպայի հարցերով նախարար Դիք Ռոչի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրության խնդիրներ, ինչպես նաեւ ԵՄ ԱԳ նախաձեռնությանն առնչվող հարցեր:
Նույն օրը երեկոյան Կ. Ղազինյանը հանդիպել է նաեւ Իռլանդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ ելույթ են ունեցել Կ. Ղազինյանը եւ Իռլանդիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը, որոնք Իռլանդիայի հայ համայնքին շնորհավորել են Իռլանդիայում ՀՀ պատվո հյուպատոսի նշանակման եւ վերջինիս նախաձեռնությամբ կիրակնօրյա դպրոց հիմնելու առթիվ, ինչպես նաեւ երեկոյի ընթացքում պատասխանել են ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին:



























