«Նաիրիտի» կառավարման համար հայտեր են ստացվել գերմանական  CSC ընկերությունից  եւ ռուսական «Իտերա» հոլդինգից:  Այս մասին այսօր` նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար  Արմեն Մովսիսյանը:

Ավելի վաղ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ձեռնարկության օպերատոր ընկերության համար բանակցություններ են վարվում գերմանական մի ընկերության հետ:

«Այս երկու ընկերություններն էլ  քիմիական արդյունաբերության մեջ մեծ փորձ ունեն եւ հնարավորություն` իրականացնելու ձեռնարկության առջեւ դրված խնդիրները»,-նշեց նախարարը: Հիշեցնենք, որ «Իտերան» ավելի վաղ «ՀայՌուսգազարդի» բաժնետերն էր: 2009 մարտին  «Իտերան» իր  փաթեթը վաճառեց «Գազպրոմին»` «ՀայՌուսգազարդի» մայր ընկերությանը:

«Նաիրիտի» կառավարող ընկերության պատասխանատվության շրջանակում կլինեն  ձեռնարկության արդիականացումն ու նոր սարքավորումների ձեռքբերումների: «Պետք է խոստովանել, որ ներկայիս գծերի վրա արտադրվող արտադրանքը մրցունակ չէ արտաքին շուկայում»,-նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ ձեռնարկության զարգացման ծրագրով վերջինիս  հաջող գործարկման համար անհրաժեշտ է 512մլն դոլարի ներդրում: Ներկայումս ԵվրԱզԷսի հակաճգնաժամային հիմնադրամի քննարկմանն է ներկայացվել «Նաիրիտի» վարկային հայտը, որը ինչպես հաղորդվել էր,  կարող է կազմել 300 մլն դոլար: