Հայաստանում 2010 թ. թունավորումից տուժել է 3068 մարդ, որից 37-ը զոհվել են: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարիների համեմատ թունավորումից տուժածների թիվն անշեղորեն աճում է:
Այսպես` 2009 թ. թունավորումից տուժել էր 3001 մարդ, որոնցից 33-ն էին մահացել, իսկ 2008 թ.` համապատասխանաբար 2893 եւ 29:
Փոխվում է նաեւ թունավորման աղբյուրների կառուցվածքը: Եթե նախկինում ամենաշատը թունավորվում էին ալկոհոլից, ապա 2010 թ.` դեղորայքից: 2010 թ. դեղորայքից թունավորվել է 773 մարդ, որից 11-ը մահացել է (սա ռեկորդային ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ): Համեմատության համար` ալկոհոլից թունավորվել է 755 մարդ, որից 2-ն են մահացել:
Որպես կանոն` թունավորումից ամենաշատ զոհեր գրանցվում են կենցաղային նյութերի օգտագործումից` 12 զոհ եւ 515 դեպք (2010 թ.): Համեմատության համար` 2009 թ. այդ պատճառով զոհվել է 29 մարդ:
2010 թ. սննդային թունավորումներ են ունեցել 372 հոգի, որից 5-ն են մահացել: 2009 թ. սննդային թունավորումից մարդ չի մահացել, իսկ 2008 թ. մահացել է 1-ը:
Թունավորումից մահացության դեպքեր են գրանցվում նաեւ բնական գազից, շմոլ գազից եւ այլ աղբյուրներից:


























