Ռուսաստանը նախատեսում է ամբողջությամբ մոդեռնիզացնել Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը եւ փոքրացնել դրա համար վարձակալվող տարածքը: Այս մասին այսօր` նոյեմբերի 18-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
Նա նշել է, որ ռուս զինվորականները ցանկանում են Գաբալայի ՌԼԿ-ն ամբողջովին վերափոխել` այլ պարամետրերով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Սերդյուկովի ներկայացմամբ, ադրբեջանական կողմն այդ առնչությամբ առարկություններ չունի, բայց նա փորձում է կտրուկ բարձրացնել տարածքի վարձակալման գինը: Ռուսական կողմն էլ ցանկանում է պահպանել վարձակալության հին արժեքը, միաժամանակ կրճատելով տարածքի չափսերը, քանի որ նորացված կայանին հաղորդակցության նման ծավալ պետք չի լինի:
ՌԴ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ այդ հարցերի քննարկման համար հատուկ աշխատանքային հանձնաժողով է ստեղծվել, որի առաջին նիստը օրերս կկայանա Բաքվում:
Նախօրեին Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալման ժամկետը մինչեւ 2025 թվականը երկարաձգելու մասին: Ներկա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2012-ի դեկտեմբերի 4-ին:



























