«Մենք հարեւան ունենք, որը քանդում է, եւ ունենք հարեւան, որը կառուցում է»,- ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ առաջին դեպքում նկատի ունենալով Ռուսաստանին, երկրորդ դեպքում` Թուրքիային: Նա խորհուրդ է տվել Ռուսաստանին՝ օրինակ վերցնել Թուրքիայի վարչապետից, որի աջակցությամբ 100 տուն է կառուցվել ռուս-վրացական 5-օրյա պատերազմի հեեւանքով փախստական դարձածների համար: «Մենք հարեւան ունենք, որը քանդում է, եւ ունենք հարեւան, որը կառուցում է: Եւ ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց Ռուսաստանը եւս օրինակ կվերցնի Թուրքիայից, եթե ցանկանա դառնալ ժամանակակից ու հաջողակ պետություն»,- հայտարարել է Սահակաշվիլին՝ հանդես գալով Շիդա Քարթլի շրջանում փախստականներին բնակարաններ հատկացնելու արարողության ժամանակ:

Նրա խոսքով, այս տարի փախտականների համար մոտ 6 հազար նոր տներ են կառուցվել: Միաժամանակ Սահակաշվիլին ասել է, որ փախստականներին իրենց տները վերադառնալուն խանգարում է «այն ցանկապատը, այն փշալարերը, որոնք 21-րդ դարում կառուցում են այստեղ հայտնված միջնադարյան դինոզավրերը»:

Վրաստանի նախագահն ընդգծել է, որ այն պահին, երբ Եվրոպան նշում է Բեռլինյան պատի քանդման 20-ամյակը, նոր պատ է կառուցվում Վրաստանում, ընդ որում, դա «ոչ թե սահման է, այլ օկուպացիոն գիծ»:

«Դա սահման է ազատության ու ոչ ազատության միջեւ, դա սահման է մարդկանց ու տմարդիների միջեւ, որոնք կարող են բանտ նետել երեխաներին: Դա սահման է անցյալի ու ապագայի միջեւ, իսկ ապագան պատկանում է Վրաստանին ու ազատությանը»,- ասել է նա՝ երեխաներ ասելով նկատի ունենալով այս շաբաթ Ցխինվալիում 4 վրացի երեխաների ձերբակալման փաստը, որոնք իրենց մոտ պայթուցիկներ են ունեցել: