Մոլդովան անվտանգության և պաշտպանության ասպարեզում համագործակցության համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ՝ դառնալով դաշինքի հետ նման համաձայնագիր կնքած առաջին երկիրը: Դրա մասին երեքշաբթի հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նա հավելել է, որ այդ գործընկերությունը կբարձրացնի Մոլդովայի կայունությունը: «Դա հնարավորություն կընձեռի համատեղ լուծելու անվտանգության ընդհանուր խնդիրները, ավելի արդյունավետ դարձնելու մեր փոխգործակցությունը և համագործակցության նոր ոլորտներ ուսումնասիրելու»,- գրել է Բորելն X-ի իր միկրոբլոգում:
Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանն իր հերթին նշել է, որ Եվրամիությանն անդամակցելը Մոլդովայի քաղաքացիների համար խաղաղության և կայունության ապահովման լավագույն մեխանիզմը կդառնա։ Նա հավելել է, որ ԵՄ-ի և Մոլդովայի միջև անվտանգության և պաշտպանության գործընկերության ստորագրումը կամրապնդի Մոլդովայի խաղաղությունը, անվտանգությունը և բարգավաճումը:
Մոլդովան հույս ունի Եվրամիությանն անդամակցել մինչև 2030 թվականը: Մարտին երկրի նախագահ Մայա Սանդուն Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիր ստորագրելիս Ռուսաստանին մեղադրեց Մոլդովայի ապակայունացման ուղղված նոր փորձերի համար։





























